Միսաք Մեծարենց (1886-1908)

ԱՍՏՎԱԾԱՄԱ՜Ր

            «...Ահա կաթիլ մի կաթին

                քումդ կուսութեան յանձն իմ անձրևեալ...»

                                   Նարեկացի

 

Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ,

Մեղեսիկի փոշի մըշուշն ըլլամ ըսփյուռ,

Եվ առիգածն արծաթ՝ ջուրին վրա հոլանի.

Ու ձա՛յն ըլլամ, ըլլամ ծաղիկ, ըլլամ զեփյու՜ռ՝

Ամեն իրի հըպիմ փափուկ թևերով գեջ:

Ըլլամ ջրվեժ, ըլլամ գետափ մը գեղանի,

Ըստվե՜րն ըլլամ խնկագունած այգիներուն,

Կամ գետերու հողմիկ ավաչն, ու գետաձայն

Հովին անցքը՝ երկնասլացիկ կատարներեն:

Կաթնածաղիկ ու կապտերակ գիշերին մեջ

Պատկե՜րն ըլլամ սրբազնացած ես համայնին.

Օղամանյա՜կ մ’ըլլամ ես թանկ և անմարմին.

Ու շուշփա մը՝ հաղորդությանըդ կաթնաձիր.

Գետեն անդին կանչե՛ս ինծի. Ամցի՜ր, անցի՜ր.

Մեծ դյութության կայծակ մը տաս մըթար հոգվույս,

Ա՜հ, չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս.

Թող համբուրե՛ աչքըս ջահումն աչքերուդ կույս,

Ու չըգայթի՜մ կոհակն ի վար ցընորքներուս:

Ահա՜ մագլիմ պիտի ցավիս սարակն ի վեր.

Երազներու սատափ ճամբեն ցրվե ամպեր.

Եվ իղձերուս կապույտին վրա, վարդ ամպը դուն,

Վարդ ամպն եղիր՝ մերթ լուսինկան պատմուճանող.

Դու՛ն, աստվածյան գեղեցկության արփավո՜ր հարս,

Սրբության կու՜յսը ձյունաձիր ու հըրավարս:

Գիշերին մեջ կ’իջնե դեռ ուղխը լուսեղեն,

Կաթիլ մը կաթ՝ ծովացած քու սրբութենեն.

Ու տե՜ս, ահա՜, կը մանկանամ, Աստվածամար,

Ու տե՜ս, ահա կը մանկանա՜մ գիշերին մեջ՝

Ուր լըսեցի ես աստվածյան ձայնին վայրէջ՝

Որ կը շաչեր աստվածարյալ հոգվույս համար:

 

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ