Մովսես Խորենացի (5-րդ դար)

* * *

Ուրախացիր, Սրբուհի,

Գաբրիելի ավետումով,

Նա քարոզեց գալուստը

Երկնքի Տեր Արքայի:

                Ողջույն քեզ, Մարիամ,

Քեզ վրա սուրբ Հոգին կիջնի,

Եվ բարձրյալի զորությունը

Քեզ կլինի հովանի:

Նա, որ ծնվելու է Քեզնից,

Առաջնորդն է Իսրայելի

Եվ տարածելու է ամենուր

Հզոր Աստծո խոսքն անմահ:

 

 

 

* * *

Ուրախ եղիր, Բերկրյա՛լ,

Ամենասու՛րբ Կույս,

Որ ծնեցիր աշխարհի

Արդարության արեգակը,

Որը լուսավորեց

Մարդկային ազգերը:

                Ուրախ եղիր, Բերկրյա՛լ,

                Կնքվա՛ծ դուռ,

                Որ ծնեցիր աշխարհին

Քրիստոս թագավորին,

Որը նստում է անձեռակերտ

Իր աթոռի վրա:

 

* * *

Ուրախ եղիր, Մարիամ, սուրբ Աստվածածին,

Որ որովայնիդ մեջ կրեցիր

Տեր Աստծուն մեր հայրերի:

                Ուրախ եղիր, Մարիամ, Կույս անարատ,

                Որ անպատմելիորեն ծնեցիր Քո Որդուն՝

                Տեր Աստծուն մեր հայրերի:

Ուրախ եղիր, Մարիամ, Մա՛յր Քրիստոսի,

Քանզի քեզնից ծագեցրեց մեր երեսի լույսը՝

Քրիստոս Աստվածը մեր հայրերի:

 

* * *

Ուրախ եղիր,

Անհարսնացյալ Մայր,

Որ մարմնացյալին տիրաբար

Որովայնիդ մեջ կրեցիր:

                Ուրախ եղիր,

Անհարսնացյալ Մայր,

Որ անկրելի էությունը

Արգանդիդ մեջ անապականաբար կրեցիր:

 

* * *

Ուրախ եղիր, Աստվածածին,

Հույս և փրկության Մայր,

Քեզ, ընդունող լույսի,

Մեծարում ենք:

                Քեզ, լույս Մայր և Կույս,

Քեզ, գանձդ կյանքի,

Աստվածային ձայնով, ցնծությամբ

Մեծարում ենք:

Անարատ լույսի սուրբ Մայր,

Հրեշտակային օրհնությամբ պատվված,

Քեզ, ընդունո՛ղ լույսի,

Մեծարում ենք:

 

* * *

Ուրախացիր, Աստվածածին,

Վերօրհնյալդ սերովբեներից,

Քեզնից մեզ լույս ծագեցրիր,

Մայր եղար բարձրացնողին.

Ազգեր ու ցեղեր քեզ ենք մեծարում:

                Հիմնը եղար եկեղեցու,

                Եղար խորանը սուրբ Հոգու,

                Հրեշտակներից սպասավորվեցիր,

Գաբրիելը քեզ ավետեց,

Ազգեր ու ցեղեր քեզ ենք մեծարում:

Հիանալով, տեսնում ենք

Հրաշալի խորհուրդը հայտնված,

Սուրբ Հոգուց հղացած՝

Աստծո էությունը մարմնով ծնեցիր,

Ազգեր ու ցեղեր քեզ ենք մեծարում:

 

* * *

Աստվածածին սուրբ Կույս,

Անհարսնացյալ Մարիամ,

Որ օրհնյալդ ես կանանցից,

Քեզ ենք օրհնում միշտ,

Արժանավորիդ մեծարում:

                Անապական տաճար և առագաստ լույսի,

Քեզ փեսայանալով՝

Քո մեջ կյանքի խորհուրդը բնակվեց,

Քեզ ենք օրհնում միշտ,

Արժանավորիդ մեծարում:

Կենդանի հուրը, որով մորենին վառվեց,

Քո արգանդում անվնաս կրեցիր

Եվ ծնեցիր Աստված և մարդ.

Քեզ ենք օրհնում միշտ,

Արժանավորիդ մեծարում:

 

* * *

Քեզ, Աստվածածին,

Աղբյուր անսպառ լույսի,

Որ լուսավորում է հավատացյալներին,

Միասնական երգի ձայնով մեծարում ենք:

                Դու՝ պարծանք մարդկանց կուսության,

                Դու՝ ուրախություն հրեշտակների,

                Դու՝ անեծքների հաղթող,

                Որի համար, Աստվածածին, Քեզ մեծարում ենք:

Դու՝ ճշմարիտ արևելք՝

Արդարության արեգակի,

Որից ծագեց տիեզերքի փրկությունը,

Միասնական երգի ձայնով մեծարում ենք:

 

* * *

Լույս, լույսի Մայր

Եվ կենարար էության բնակարան,

Քեզ երանի են տալիս ցեղերն, ազգերն ամենայն:

                Մայր ստեղծողի

                Եվ բնության կերպը նորոգողի,

                Քեզ երանի են տալիս ցեղերն, ազգերն ամենայն:

Լույս ծագեց քեզնից՝

Խավարում նստածներիս համար,

Քեզ երանի են տալիս ցեղերն, ազգերն ամենայն:

 

* * *

Սյուն լույսի և շուք ամպի, սուրբ Կույս,

Որ ցողեցիր մեզ երկնային ցողով

Քեզ ենք բարեբանում,

Կույս Աստվածածին:

                Անկեզ մորենի և հողեղեն սերովբե, սուրբ Կույս

                Կյանքի պտուղը քեզանով տվեց մեզ Տերը,

Քեզ ենք բարեբանում,

Կույս Աստվածածին:

Անեծքների վերացնող և մեղքերի քավիչ, սուրբ Կույս,

Որ արարածներից ամենասուրբը  բարձեցիր քո գրկում,

Քեզ ենք բարեբանում,

Կույս Աստվածածին:

 

* * *

Աստվածածին, Մայր լույսի,

Սուրբ Կույս, լուսեղեն տաճար.

Ում երկինքները բավական չէին,

Բնակվեց քո մեջ, քեզնից մարմնացավ:

                Քեզ, անհարսնացյալ,

                Կանանց մեջ օրհնյալդ,

Որ կրեցիր քո մեջ ամենամեծ բնությունը,

Օրհնությամբ մեծարում ենք:

Ուրախ եղիր, աթոռ փրկության,

Մարդկանց հաստատության հույս,

Օրենքների և շնորհների միջնորդ,

Օրհնությամբ անդադար մեծարում ենք:

 

 

Գլխավոր էջ    Նախորդ էջ    Հաջորդ էջ